ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հուշ-պատում

Հուշ-պատում
24.08.2024 | 18:03

Անհատի պաշտամունքի տարիներին հայ ժողովուրդը ևս անմասն չմնաց բռնաճնշումներից։ Գնալով նոսրացան այն մարդկանց շարքերը, ովքեր ահարկու, դժնդակ ու անմարդկային օրեր են ապրել ստալինյան «մահվան ճամբարներում»։

Սահում են տարիները, գաղտնազերծվում են պատմության փակ արխիվները։ Եվ այսօր բռնադատվածների ժառանգներն են խռով հոգու մղումով «պեղում» դրանք։

Երեկ հորս` հանիրավի բռնադատված` Արամ Մելիքսեթյանի մահվան

30-րդ տարելիցն էր։

ՁՅՈՒՆԵՐԻ ՄԵՋ ՓՇՐՎԱԾ ԵՐԱԶՆԵՐ

Աղջնակը կլանված հեռուստացույց էր դիտում։ Հեռուստաէկրանին անծայրածիր տայգան էր` անսահման ճերմակությամբ, մաքո՜ւր-մաքո՜ւր։

Սենյակ մտավ հայրը` Արամը, նայեց կրտսեր դստերն ու... հայացքը պաղեց հեռուստաէկրանին։

- Լավն է, չէ՞, հայրիկ:

- Լա՛վն է, աղջիկս,- ու լռեց։

«Ախր, ինչպե՞ս ասի զգայուն ու զգացմունքային դստերը, որ այդ ձյուների մեջ ինքը շա՜տ-շա՜տ է մրսել, ինչու՞ տխրեցնի երեխային։

...Հայրենական պատերազմը նոր էր ավարտվել։ 1946 թվականի փետրվարն էր։ Հարևան Շամլուղ ավան հորեղբորը հյուր գնացած երիտասարդ Արամի համար ճերմակ փաթիլները տաքուկ երազներ էին արթնացնում։ Ի՞նչ իմանար, որ պատուհանի ապակուն ասեղնագործվող արծաթափայլ ձյունիկները անսպասելի ու աղմկոտ թակոցից

փշուր-փշուր էին լինելու, և հյուսվող հեքիաթ-անուրջը փշրվելու էր եկվորների սև, փայլուն, ճտքավոր խրոմե սապոգների տակ։

... Երկար քայլելուց հոգնել էր, իսկ առջևից ու հետևից իրեն «կալմեջ» արած «էնկավեդ֊ե»-քաղվարչության աշխատակիցները շտապեցնում էին։

- Ցուրտ է, հա՞։ Ոչինչ, շուտով այնպես կտաքանաս, որ...

- Արագ քայլի՛ր,- մանկության ընկերոջ ծանոթ ճայնը կրկին շամփրեց լսողությունը։

«Ամեն ինչ հասկանալի է»,- մտածում էր Արամը,- տեսնես ո՞վ է մատնել»։

Մտաբերեց հոր խրատական խոսքերը. «Զգույշ եղի՛ր, որդի՛ս, կրակի հետ մի՛ խաղա, ըմբոստության ժամանակը չի, վտանգավոր, խառնակ ժամանակներ են»։

Չլսեց։

Մեկուսարանում մենակ էր։ ՈՒզում էր վերջին օրերի անցուդարձի բոլոր մանրամասները վերհիշել։ Թիկունքին զգաց մտրակի ուժգին հարվածը։

- Կուլակի՛ թոռ, ասում ես` ամերիկյան տեխնիկան առաջնակարգ է, հա՞... Ժողովրդի թշնամու բանաստեղծությունները արտասանողին նայիր...

- Ձեռքե՛րդ,-երկաթե ձողի ուժգին հարվածից աջ ձեռքի միջնամատի եղունգը ճաք տվեց։

...Հայրենիքին պղինձ մատակարարող Ալավերդու պղնձաձուլական գործարանում արտասահմանյան հաստոց պիտի տեղադրվեր, բանիմաց, շնորհաշատ, ձեռքի ու մտքի շնորքով աչքի ընկնող Արամին խնդրեցին օգնել։

Մտքերը տակնուվրա էին լինում։ Վերջին միջադեպի մշուշապատ մտապատկերները ժապավենի նման պտտվում էին։

«Տեսնես` Ստալինի նկարի հետ կապված պատմությա՞նն էլ են տեղյակ։ Գոնե տղաների, Արմոյի մասին լուր իմանայի»,- ու սիրտը տապ արավ։ Տագնապ էր ներսում։

... Ամեն օր հարցաքննություն, մեղադրանքներ, հարցեր, ճնշող, նողկալի առերեսումներ։

- Որտե՞ղ է առաջնորդի նկարը,- ու հարված հարվածի հետևից իջան հաղթանդամ երիտասարդի թիկունքին, դեմքին։

«Ֆիզիկական ցավին կարելի է դիմանալ, բայց ճշմարտության դեմ մեղանչել չի կարող։ Ախր, ինչպե՞ս չասի, որ ամերիկյան տեխնիկան ոչ միայն առաջնակարգ է, այլև` կատարյալ, որ Եղիշե Չարենցը ամենևին էլ ազգայնամոլ չէ, այլ նաիրյան հանճարեղ բանաստեղծ, որ, այո՛, ինքը պատռել ու տրորել է Ստալին-Յոսկայի նկարը, որ բոլշևիկների երկրում հայերի` որպես ազգային փոքրամասնության, իրավունքները ոտնահարվում են»։

Ճշմարտապաշտ երիտասարդը ցավից սեղմում էր ատամները։ Հետաքննության տագնապալի օրերը հաջորդում էին միմյանց։ Իսկ ինքը «մեղադրականի» տակ հրաժարվում էր ստորագրել։

...էտապ, աքսոր։

Բեռնատար գնացքը ծանր-ծանր, հսկա ու ահարկու վիշապի պես սուրում էր։ Հեռվում մնացին նաև գիշերային լռության մեջ ընկղմված Լոռու ձորն ու հայրենի լեռները, Դեբեդը։

... Ցրտից կծկված` աքսորի ճամփին ոչ ոք չգիտի` որտե՞ղ են, ու՞ր են տանում, ո՞ր չգործած մեղքի համար։

Փշրված երազներով Արամը ինքն իր, իր տխուր անուրջների հետ էր, ականջներում` մոր դառը հեկեկոցը. «Ախր, անմեղ մինուճարիս ու՞ր եք տանում»։

Ամեն ինչ շատ արագ կատարվեց, մղձավանջային նիրհի պես։

«ՈՒ՞ր էր, թե երազ լիներ...»։

ԳՈՒԼԱԳ-ի բարաքներն իրենց գրված ու չգրված օրենքներով նման էին խառնարանի` լի խեղճ ու անօգնական աքսորականներով` ամեն մեկն իր ճակատագրով, աքսորականի պարտադրված ճակատագրով։

«Գոյության ու չգոյության սահմանագիծը չէ՞ այս...»,-մտրակում էին ուղեղում խոհերը։

«Օրերը հաշվի՞... Է՛հ, երեք տարին օրերով հաշվել կլինի՞, երբ ժամերն են տարիներ թվում»։

«Նոսրանում ու համալրվում» էին բարաքներն իր նմաններով, ովքեր միայն մեկ անուն ունեին` քաղբանտարկյալ։

...1949 թվականի փետրվարն էր։ «Ազատական»-ը ձեռքին տուն պիտի դառնար, սակայն չէր ուզում Մոսկվայով գալ, անգամ սովետների «հզոր ու անպարտելի» երկրի մայրաքաղաքն էր ատելի։ Չէ՞ որ այնտեղ էր արևելյան բռնակալը, արյունարբու հրեշը` Ստալինը։

...Տունդարձի միտքն անգամ դառնահամ էր թվում. չէ՞ որ ինքը երկու տարով ձայնազուրկ էր լինելու։

Խռնվում էին մտքերը. «Մի՞թե սա էլ ավելի դաժան փորձություն չի դառնալու. ապրել հարազատ միջավայրում, շուրջդ` մտերիմ, ծանոթ֊անծանոթ մարդիկ, իսկ դու` օտար, լքված, «ազգայնամոլի», «ժողովրդի թշնամու» խարան-պիտակով...»։

...ՈՒ պոռթկաց։

Սգում էր «բոլշևիկների» անծայրածիր երկրի բազմազգ ժողովուրդը, իսկ արդեն հայր դարձած երիտասարդն ուրախությունից արբենալ էր ուզում, ուզում էր ամբողջ ձայնով գոռալ, ճչալ. «Վերջապե՛ս հրեշը...»։

- Որդի՛ս, հանգստացի՛ր, հորդորում էր արդեն ճերմակահեր մայրը,- կլսեն, հորեղբայրներիդ պես էլի կաքսորեն, տեղդ չենք իմանա։

- Նորելուկներիդ խնայի՛ր, մեղք են,-աղերսաձայն խնդրում էր դետատի կինը։

...Հրեշի ամրակուռ արձանները տապալելու, փառազրկելու օրերն էին։ Որտեղի՞ց է իր մեջ ամբարվել ֆիզիկական այդ հզոր ուժը, ինքն էլ չգիտեր։ Պղնձագործների քաղաքում, իր ծննդավայրում հրեշին «գահընկեց անելու» պատիվն ու իրավունքը Արամինն էր։ Մետաղյա ծանր պարանը հեռվից նետեց ու օղակեց արձանի պարանոցը, մեկեն գետին տապալվեց արյունարբու բռնակալը։ Հետո, ասես, նախախնամության կամոք, չգիտես որտեղից` երկնի անհունից ձերմակաթույր աղավնին թռավ ու թառեց Արամի ուսին։

...Տարիները սահում էին, իսկ ինքը չէր ուզում արդարացնեն. ի՞նչ է արել, որ արդարացնեն, ո՞ր չգործած մեղքի համար «արդարացնեն»։

Սակայն չգիտես` ու՞մ կողմից հորինված, շինծու օրենքը իրենն էր պարտադրում։

1958 թվականի դեկտեմբերն էր։ Սեղանին դրված է ՀԽՍՀ գերագույն դատարանի վճիռը («Գործը կարճված է հանցակազմի բացակայության պատճառով») ծանուցող «արդարացման» թերթիկը։

«Մի՞թե սա կարող է փոխհատուցել երիտասարդ տարիներիս տառապանքները, մի՞թե այս բռնատիրությունը վերջ չի ունենալու»,-խորհում էր իր ազատասեր գաղափարների մեջ անդրդվելի Արամը։

...Տասներորդ դասարանցի աղջնակը հեռուստացույց էր դիտում։ Հեռուստացույցի էկրանին անծայրածիր տայգան էր` ճերմա՜կ-ճերմա՜կ անսահմանությամբ։

- Լավն է, չէ՞, հայրի՛կ։

- Լա՛վն է, աղջի՛կս։

«Իսկ գիտե՞ս, Մարիամ, որ ստալինյան բռնատիրության տարիներին ճիշտ քո հասակակից Արամ պապիկի տաքուկ երազներն այդ ձյուների մեջ շատ են մրսել»,-Արամի կրտսեր որդու` Վարուժանի հայացքը հեռուստաէկրանից ակամա սահեց ու կանգ առավ դիմապատից աշխարհին բարի՜-բարի՜ հայացքով նայող հոր մեծադիր լուսանկարին, և շուրջ կես դար հարազատների հոգիներում ամբարված ու չասված խոսքերը արցունք դարձած ծանր-ծանր գլորվեցին ցած»։

12. 09.2001 թ.

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2904

Մեկնաբանություններ